ԼՂՀ նախագահ

ԼՂՀ-ում կառավարման նախագահ, ինստիտուտը մտցվել է 1994 թվականի դեկտեմբերի 21- ին։ Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Նախագահը հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։ Նախագահը հանրապետությունը ներկայացնում է միջագգային հարաբերություններում և իրականացնում արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը։ Ընտրվում է ԼՂՀ քաղաքացիների կողմից՝ 5 տարի ժամկետով։ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում ԼՂՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացի։ Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում։ ԼՂՀ Նախագահը Սահմանադրությամբ սահմանված կարգով նշանակում է վարչապետին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Կառավարության մյուս անդամներին։ Աժ-ին առաջարկում է Գերագույն դատարանի նախագահի և մյուս դատավորների թեկնածությունները, նշանակում առաջին ատյանի, վերաքննիչ ու օրենքով նախատեսված այլ դատարանների նախագահներին և մյուս դատավորներին, դադարեցնում դատավորների լիազորությունները։ Աժ-ին առաջարկում է գլխավոր դատախազի, Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունները։ Նշանակում է Արդարադատության խորհրդի 2 իրավաբան անդամներին, կազմավորում է Անվտանգության խորհուրդը և նախագահում այն։ ԼՂՀ նախագահը ԶՈՒ-ի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում ու ազատում է ԶՈՒ-ի և այլ զորքերի բարձրագույն հրամանատար, կազմը։ Սահմանադրության 100-րդ հոդվածով սահմանված դեպքերում արձակում է Աժ-ն և նշանակում արտահերթ ընտրություններ։ ԼՂՀ ԳԽ-ն 1994 թվականին ԼՂՀ առաջին նախագահ է ընտրել Ռոբերտ Քոչարյանին, իսկ 1996 թվականի նոյեմբերին նա վերընտրվել է համընդհանուր ընտրություններով։ 1997-2000 թվականներին և 2000-2005 թվականներին ԼՂՀ նախագահ է եղել Արկադի Ղուկասյանը, 2007 թվականից Բակո Սահակյանն է։

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է