ԱՄՆ Արևմտյան հայոց թեմ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան թեմ, կազմավորվել է 1927-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի հայրապետական կոնդակով։ Առաջնորդանիստը Լոս Անջելեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։ ԱՄՆ-ի Արևմտյան թեմի գործունեությունը տարածվում է երկրի արևմտյան նահանգների վրա՝ իր մեջ ընդգրկելով 25 ծուխ։ Առաջնորդարանը սկզբում Ֆըեզնոյում էր, 1957-ից՝ Լոս Անջելեսում։ Թեմի առաջին առաջնորդն էր Գարեգին եպիսկոպոս Խաչատուրյանը (1951-1961-ին՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք)։ Տարբեր տարիներ ԱՄՆ-ի Արևմտյան թեմը գլխավորել են Շնորհք եպիսկոպոս Գալոատյանը (1953-1956, հետագայում՝ 1961-1990-ին, Կ. Պոլսի հայոց պատրիարք), Թորգոմ եպիսկոպոս Մանուկյանը (1962-1966), Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը (1971-2003) և ուրիշներ։ Թեմի տարածքում գործող հին հայկական եկեղեցիներից են Սուրբ Պողոսը (1900-ից, Ֆրեզնո), Սուրբ Գրիգոր Լուսավորիչը (1910-ից, Ֆաուլեր), Սուրբ Աստվածածինը (1911-ից, Կոստա Մետս), սուրբ Սահակ-Մեսրոպը (1923- ից, Ֆրեզնո), Սուրբ Հովհաննեսը (1924- ից, Սան Ֆրանցիսկո), Սուրբ Վարդանը (1924-ից, Օքլենդ), Սուրբ Հակոբը (1953-ից Վեն Նայսի Սուրբ Պետրոս եկեղեցին, Սակրամենթո), Սուրբ Պետրոսը (1958-ից, Վեն Նայս), Սուրբ Անդրեասը (1964-ից, Քուփերթինո) և 20 այլ եկեղեցիներ տարբեր քաղաքներում։ ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդարանին կից գործում են Հայաստանյայց եկեղեցու երիտասարդական կազմակերպության, տիկնանց միության, կիրակնօրյա վարժարանների կենտրոնական իարհուրդներ՝ իրենց մասնաճյուղերով, և այլ կազմակերպություններ։ 1987-ին թեմը Ֆրեզնոյի շրջանում (Կալիֆոռնիա) գնել է մի մեծ ճամբար, որն ամռանը ծառայում է թեմի զանազան ծխերից ավելի քան 500 աշակերտների հայեցի դաստիարակության, իսկ ձմռանը՝ չափահասների կրոնական և կրթա¬ կան դաստիարակության համար։ Ճամբարին օգնություն են ցույց տալիս ծխական և համայնքային տարբեր կազմակերպություններ։ Առաջնորդարանին կից գործում է հանձնախումբ, որը մշակում է ճամբարի գործունեության ծրագրերը։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում առաջնորդարանը բեմում ծառայելու է հրավիրել հոգևոր հովիվների՝ հատկապես Երուսաղեմից և Հայաստանից։ 1999-ին թեմի հոգևորականների ընդհանուր թիվը շուրջ 30 էր։ Առաջնորդարանի հովանավորությամբ գործում է Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից Ալֆրեդ և Մարգարիտ Հովսեփյան ամենօրյա հայկական վարժարանը։ Թեմը յուրաքանչյուր եկեղեցուն կից ունի հայոց լեզվի կիրակնօրյա և շաբաթօրյա դասընթացներ։ 1979-ից լույս է տեսնում ԱՄՆ-ի Արևմտյան թեմի «Մայր եկեղեցի» պաշտոնաթերթը՝ հայերեն և անգլերեն բաժիններով։ ԱՄՆ-ի Արևմտյան թեմը զգալի նյութական օգնություն է ցույց տվել 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին և մարտնչող Արցախին։ Ստեփանավան քաղաքում թեմի օժանդակությամբ կառուցվել է վարժարան (750 աշակերտի համար)։ Քուփերթինոյի Սուրբ Անդրեաս եկեղեցին ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդն է Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը (2003-ից)։

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է